Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կառլ Հագլունդը հույս ունի, որ հինգ տարի անց Շվեդիան եւ Ֆինլանդիան կմիավորեն իրենց ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը: Այս մասին տեղեկացնում է yle.fi կայքը:
Նախարարի խոսքով, այս ծրագրերը պետք է ընդգրկվեն հաջորդ կառավարության ծրագրում:
Gazeta-ի փոխանցմամբ, Հագլունդը նշել է, որ համատեղ պաշտպանությունն ավելի արդյունավետ կլինի: Նա ընդգծել է, որ երկու երկրների ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի միավորման համար հարկավոր է պաշտպանական դաշինք կնքել եւ մի շարք քաղաքական որոշումներ ընդունել:
Ավելի վաղ Շվեդիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել էին երկրի ափերի մերձակայքում օտար սուզանավի հայտնաբերման մասին: Շվեդական լրատվամիջոցները հաղորդել էին Շվեդիայի ջրային տարածքում ռուսական սուզանավի հայտնվելու հնարավորության մասին: Սակայն Ռուսաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը: Ավելի ուշ Շվեդիայի ԱԳՆ-ն խոստովանեց, որ «ո՛չ մեկնաբանություն, ո՛չ հաստատում» չունի Բալթիկ ծովում նավի առկայության մասին:
Օտարերկրյա սուզանավի ապարդյուն որոնումների համար Շվեդիան 2.7 մլն դոլար էր ծախսել, իսկ շվեդների 75%-ը հավատացել էր օտարերկրյա սուզանավի հետ կապված պատմությանը:




























