Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-777-ի մնացորդներով բեռնատարների երկու շարասյուն գտնվում է Լեհաստանում: Լեհական տպագրության գործակալության փոխանցմամբ, այս գիշեր դրանք կուղեւորվեն Գերմանիա:  

Ըստ ՌԻԱ Նովոստիի, գոյություն ունեցող կանոնների համաձայն, տրանսպորտային նման միջոցները կարող են լեհական ճանապարհներով փոխադրվել միայն գիշերը:

Դոլնոշլյոնսկի ոստիկանության հերթական սպայի տեղեկացմամբ, «առաջին շարասյունը կանգ է առել Ժարսկա-Վես բնակավայրում, քանի որ չի հասցրել գիշերն անցնել Լեհաստանի տարածքով»: Այն Գերմանիայի ուղղությամբ կշարժվի ժամը 22:00-ին: Իսկ երկրորդ շարասյունը գտնվում է Կոնտա-Վրոցլավսկիում:

«Երկու շարասյանն էլ ուղեկցում է լեհական ոստիկանությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին կառաջարկի տեսնել օդանավի մնացորդները, երբ դրանք հասնեն երկրի ռազմաօդային ուժերի բազա: