Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխը այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տոնում է 80 ամյակը, հայտնում է «Ռուստորիան»։

Ալիսա Բրունոյի Ֆրեյնդլիխը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 8–ին Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) հայտնի դերասան Բրունո Ֆրեյնդլիխի ընտանիքում։

Ֆրեյնդլիխը բազմաթիվ դերեր է ունեցել կինոյում։ Նրա առաջնախաղը եղել է դեռ 1955 թվականին Ֆրիդրիխ Էմմերի «Անավարտ վիպակ» ֆիլմում, սակայն երկար տարիներ շարունակ նրան հիմնականում փոքր դերեր էին առաջարկում։ Դերասանուհու յուրահատուկ տաղանդը կինոյում բացահայտվեց միայն 1970–ականներին։ 1974 թվականին նա խաղաց իր առաջին մեծ դերը` Եվգենի Խրինյուկի «Աննան եւ կոմանդորը» կինովիպակում։ Դերասանուհու համար բեկումնային էր 1976 թվականը, երբ Էլդար Ռյազանովը նրան հրավիրեց «Ծառայողական սիրավեպ» կատակերգական ֆիլմում Լյուդմիլա Պրոկոֆեւնա Կալուգինայի դերը խաղալու համար։ Այդ դերի համար Ֆրեյնդլիխը 1977 թվականին «Խորհրդային էկրան» ամսագրի հարցման արդյունքներով ճանաչվել է տարվա դերասանուհի։

Դերասանուհին ավելի քան 60 ֆիլմում է նկարահանվել։