Դիլիջանի «Պարադիզ» հյուրանոցի անձնակազմը զարմանում է, թե ինչու է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել, որ դեկտեմբերի 7-ին իրենք «անմարդկային» վերաբերմունք են դրսեւորել 4-ամյա հիվանդ երեխայի նկատմամբ:
«Մեզ մոտ բարեգործական սեմինար էր, որին երեխան գրանցված չի եղել, բայց ծնողների հետ եկել էր: Ամսի 7-ի երեկոյան երեխան ջերմություն ուներ, մեր աշխատակիցն առաջարկել է շտապօգնություն կանչել եւ երեխային տեղափոխել հիվանդանոց: Ծնողները, սակայն, չեն համաձայնվել են եւ ասել են, որ մեքենան թույլ տան մոտեցնել հյուրանոցի դրան, բայց դա անհնարին է եղել: Այդ ճանապարհն ավտոմեքենայի համար նախատեսված չէ, ֆիզիկապես, տեխնիկապես հնարավոր չէ մեքենա մոտեցնել դռանը: Ընդամենը 5 մետր է եղել հեռավորությունը եւ մեր աշխատակիցն առաջարկել է անձամբ երեխային մոտեցնել մեքենային, բայց ծնողները չեն համաձայնվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հյուրանոցի գլխավոր կառավարիչ Վահագն Հարությունյանը:
Վահագն Հարությունյանը խոսել է երեխայի ծնողների հետ, նրանք որեւէ բողոք չեն ունեցել:
«Չեմ հասկանում, թե ինչու է Անահիտ Բախշյանը նման բան հայտարարել»,- նշեց նա:
Ավելի վաղ Անահիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Զանգեցին տնօրենին եւ ասացին, որ տնօրենը չի թույլատրում, որովհետեւ հյուրանոցն ունի ներքին կարգ ու կանոն, որն արգելում է մեքենաներին մոտենալ հյուրանոցի դռանը: Խնդրեցինք նորից տնօրենին հաղորդել ծնողների խնդրանքը, սակայն այն կատեգորիկ մերժվեց: Սա ի՞նչ մարդկություն է, ի՞նչ վերաբերմունք է, մի՞թե կարգ ու կանոնի պատճառով կարելի է վտանգել երեխայի առողջությունը, դուք երեխա չունե՞ք, մի րոպե ձեզ դրեք այդ ծնողի վիճակի մեջ»,- գրում է Անահիտ Բախշյանը:




























