Հայկական կաշեգործական արդյունաբերության համար հեշտ չէ Թուրքիայի հետ մրցակցելը, բայց հարկավոր է ջանքեր գործադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Leather Art» կաշեգործական արդյունաբերության հիմնադիր տնօրեն Լեւոն Խորոզյանը:
Ի պատասխան հարցին՝ կարող են արդյոք տեղի ձեռնարկությունները ֆերմերներին կաշվի համար առաջարկել առավել շահավետ գներ, քան Թուրքիա արտահանողները (քանի որ արտահանումն ազատված է ԱԱՀ-ից), Խորոզյանը նշեց, որ խնդիրը միայն գինը չէ: Բանն այն է, որ Թուրքիայում կաշվի մշակման հարուստ ավանդույթներ են ձեւավորվել: «Բացվել են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ կողք կողքի աշխատում են կաշեգործական շուրջ 90 արտադրամասեր: Բնականաբար, այնտեղ հեշտ է աշխատելը», - բացատրել է Խորոզյանը: Դրանից բացի՝ Թուրքիան արդեն արտադրում է նաեւ կաշվի մշակման սարքավորումներ: Հայաստան դրանք ներմուծում են, որն էլ թանկացնում է ինքնարժեքը:
Վերջապես, Թուրքիայի տեխնիկական բուհերը, ի տարբերություն Հայաստանի, պատրաստում են կաշեգործներ: «Իսկ մեր մասնագետներն առնվազն քառասունն անց են», - ասել Խորոզյանը: Ըստ նրա՝ երկար ճանապարհի առաջին քայլը կարող են լինել Հայաստանից կաշվի արտահանման սահմանափակումները՝ տեղի արդյունաբերությունը խթանելու համար:



























