Եգիպտոսում նոր տեսարժան վայր է հայտնվել. հին եգիպտական Ամենհոտեպ III փարավոնի կոթողը վերականգնվել եւ տեղադրվել է Լուքսոր քաղաքի մերձակայքում գտնվող դամբարանում:

Ավերակներից վերականգնված արձանի բարձրությունը 13 մետր է, քաշը՝ 110 տոննա: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այն վերականգնել է Եգիպտոսից եւ Գերմանիայից հնագետների խումբը:

«Սա փարավոնի ամենամեծ արձանն է, որտեղ նա կանգնած է պատկերված: Այն մ.թ.ա. 1200 թվականի երկրաշարժի ժամանակ ընկել ու կոտրվել է: Հիմա արձանի կտորները հավաքվել են, եւ 110 տոննա կշռող հուշարձանը կրկին կանգնած է նախկին վայրում»,- պատմել է տաճարի պահպանության նախագծի ղեկավար, գերմանական հնագետ Հուրիկ Սուրուզյանը:

Դրանից ոչ հեռու Մեմնոնի կոթողն է՝ 18 մետր բարձրությամբ: Հեղինակների մտահղացմամբ, եգիպտական փարավոնին պատկերող հսկայական հուշարձանները պետք է պահպանեին Ամենհոտեպ III-ի հիշատակի տաճարի մուտքը: Նեղոսի ափին գտնվելու հանգամանքը տաճարի եւ նրա բազմաթիվ քանդակների համար ճակատագրական է դարձել. ջրհեղեղները քայքայել են հուշարձանների հիմքը՝ տարեցտարի քանդելով ամբողջ համալիրը: Սակայն Ամենհոտեպի տաճարի ամբողջական ոչնչացման պատճառը գիտնականները համարում են երկրաշարժը:

Նոր կոթողը դարձել է Ամենհոտեպ III-ին պատկերող վերականգնված երկրորդ «կանգնած» հուշարձանը: Առաջինը նախկին տեղն էր վերադարձել 2014 թվականի մարտին: Հիմա երկու կոթողներն էլ, ինչպես 3000 տարի առաջ, կանգնած են կողք-կողքի: