Ամեն տարի դեկտեմբերի 19-ին համաշխարհային հանրությունը նշում է աղքատների օգնության միջազգային օրը (International Day to Assist the Poor), որը հաստատել է ՄԱԿ-ը 1995 թվականին:
ՄԱԿ-ը աղքատությունը դիտարկում է որպես «բավարար կենսակերպի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների երկարատեւ հարկադրված բացակայության վիճակ»: Միջազգային փորձագետների կարծիքով՝ 20-րդ դարի վերջին մոլորակի բնակչության մոտ քառորդ մասը, այսինքն 1,5 մլրդ մարդ, չքավոր կյանք է վարել: Հետազոտությունները ցույց են տվել, որ 1999-2007 թվականների ընթացքում չքավորությունից մահացել է ավելի քան 300 մլն մարդ, հաղորդում է Calend-ը:
Դրա հետ կապված ՄԱԿ-ը մի քանի ծրագրեր է ընդունել, որոնց նպատակը աղքատության վերացումն է: Առաջին ծրագրերը սկսել են գործել 2000 թվականի սկզբից, սակայն առայժմ աղքատության շեմից ցածր ապրողների թիվը չի նվազում:




























