«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշն առանձնահատուկ սեր ունի տոտալիտար քաղաքականության եւ քաղաքական գործիչների նկատմամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներին Սոարեշի արած այն պնդումը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտը հայկական կողմն է:
«Դեռ Հայաստան կատարած այցի ընթացքում ես ասացի Սոարեշին, որ նա հատուկ համակրանք ունի Ստալինի տոտալիտար քաղաքականության եւ այդ բռնապետի ապօրինի որոշումների նկատմամբ, որոնցից մեկն էլ դարձել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելու որոշումը: Այն ժամանակ, իհարկե, Սոարեշը, հրաժարվեց Ստալինի նկատմամբ իր համակրանքի փաստից, բայց նրա այսօրվա հայտարարությունը վկայում է հակառակի մասի»,- նկատել է Ալավերդյանը՝ հավելելով, որ իր գործողություններում Սոարեշը շարժվում է ոչ թե ԵԱՀԿ սկզբունքներով, այլ քաղաքական շարժառիթներով: Ժոաո Սոարեշն այն քաղաքական գործիչներից է, որոնց կարելի է պայմանական անվանել «պրոնավթային»»,- հավաստիացրել է պատգամավորը:
Նշենք, որ BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում իր պաշտոնը լքող Սոարեշը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտը Հայաստանն է, քանի որ մեծ Սփյուռքը տորպեդահարում է այդ հարցի լուծումը: Բացի այդ, Հայաստանի նախագահը չունի բավական հեղինակություն՝ իր երկրի քաղաքական ուժերին համոզելու համար:




























