Ավելի քան 74 հազար դոլար նվիրատվություն է հավաքվել անօթեւան ամերիկացու համար, որը ստացած ողորմությունը ոչ թե հարբելու համար էր ծախսել, այլ ուտելիք էր գնել եւ բաժանել աղքատներին:
Ավելի վաղ ամերիկյան մամուլը հայտնել էր սոցիալական փորձի մասին, որն անց էր կացրել վիդեոբլոգեր Ջոշ Փելեր Լինը՝ Լոս Անջելեսից: Նա անօթեւանին 100 դոլար էր տվել, հետո հետեւել, թե ինչի վրա է ծախսելու: Բլոգերի «Ինչպես անօթեւանը կծախսի 100 դոլարը» տեսանյութում երեւում է, որ տղամարդը մտել է խանութ, մեծ փաթեթով ուտելիք գնել եւ բաժանել այլ անօթեւանների: Ջոշ Փելեր Լինը նրան եւս 100 դոլար էր տվել, հայտնում է «Ռիա Նովոստին»:
Թոմաս անունով անօթեւանը պատմել է, թե ինչպես է հայտնվել փողոցում: Նա աշխատանքը թողել է հիվանդ ծնողներին խնամելու համար: Հետո ծնողները մահացել են, ինքն էլ զրկվել է տնից:
Ջոշ Փելեր Լինը դեկտեմբերի 22-ին դրամահավաք էր սկսել IndieGoGo կայքով, որպեսզի օգնի Թոմասին «կյանքը նոր էջից սկսել»: Հավաքված գումարը մի քանի անգամ գերազանցել է ակնկալիքները: Դրամահավաքի ավարտին դեռ 28 օր կա:




























