Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկական գլխավոր բազիլիկի կենտրոնական պատշգամբից սուրբծննդյան ավանդական ուղերձ է հղել հավատացյալներին:

Իտալական բանակի երեք զորքերի Պատվո պահակախմբի եւ պապական Շվեյցարական գվարդիայի նվագախմբերը կատարել են Վատիկանի եւ Իտալիայի պետական օրհներգերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանցիսկոսը խոսել է այսօրվա աշխարհի տագնապների, Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետապնդումների, մոլորակի տարբեր հատվածներում՝ Ուկրաինայում, ԿԱՀ-ում, ինչպես նաեւ Քրիստոսի հայրենիքում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, որտեղ շարունակվում է պաղեստինա-իսրայելյան  հակամարտությունը: Պապը աշխարհին մեղադրել է մարդկային բազմաթիվ ողբերգությունների նկատմամբ ցուցաբերած «անտարբերության համար»:

78-ամյա պապը երկրորդ անգամ էր շնորհավորում աշխարհին Քրիստոսի ծննդյան առթիվ: Ի տարբերություն իր նախորդների՝ նա չի ցուցադրել օտար լեզուների իմացությունը եւ սահամանփակվել  է իտալերեն խոսքով: