Եգիպտոսի իշխանությունները արգելել են բրիտանացի հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթի  «Ելք. Արքաներ եւ աստվածներ» ֆիլմի ցուցադրությունը: Այս տեղեկությունը հաստատել է  21st Century Fox կինոստուդիան:

Կինոնկարը նկարահանվել է աստվածաշնչյան  մոտիվներով, սակայն սյուժեում կան մի շարք փաստերի սխալներ, հայտնել է հանրապետության մշակույթի նախարար Գաբեր Ասֆուրը: Մասնավորապես, ֆիլմում պնդում են, որ բուրգերը կառուցել են Մովսեսն ու հրեաները:

«Սա միանգամայն հակասում է պատմական փաստերին: Սա սիոնիստական ֆիլմ է: Այն արտացոլում է պատմության նկատմամբ սիոնիստական հայացքը եւ պատմական անճշգրտություններ պարունակում, այդ պատճառով էլ մենք որոշել ենք արգելել այն», — Ասֆուրի խոսքերն է մեջբերում «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Reuters-ը, հիշեցնում է, որ «Ելքը», որտեղ դերերը կատարել են Քրիստիան Բեյլը, Ջոել Էդգերթոնը, Ջոն Տուրտուրոն, Սիգուրնի Ուիվերը եւ այլք, Մովսես մարգարեի մասին աստվածաշնչյան պատմության էկրանավորումն է, որը հրեաներին դուրս է բերել Եգիպտոսից եւ իսրայելական գաղութները մեկ ժողովրդի վերածել:  Որոշ երկրներում, որտեղ բնակչությունը հիմնականում իսլամ է դավանում, հաճախ են արգելում մարգարեների մասին ֆիլմերը, որոնք արգելված են մահմեդական օրենքներով: 

140 մլն դոլար բյուջեով «Ելք. արքաներ եւ աստվածներ» ֆիլմն աշխարհում վարձույթում հայտնվել էր դեկտեմբերի 3-ին: Եկամուտը հասնում է շուրջ 104 մլն դոլարի: