Իրաքին արտասահմանյան զորքերի աջակցությունը հարկավոր չէ ԻՊ-ի դեմ պայքարի համար, դեկտեմբերի 27-ին Բաղդադում հայտարարել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը: 

«Իրաքը արտասահմանյան զորքերի աջակցության կարիքը չունի ահաբեկչության դեմ պայքարելու համար: Իրաքի կառավարությունը՝ վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի գլխավորությամբ, զգալի հաջողությունների է հասել քաղաքական եւ անվտանգության ապահովման բնագավառներում», — Մաքքեյնի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AIN-ը:

Մաքքեյնը դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ: Իրաքում նրա գտնվելու ժամկետը չի հաղորդվում:

Իրաքի մայրաքաղաք ժամանելուն պես Մաքքեյնը հանդիպել է Իրաքի սուննի քաղաքական գործիչ, երկրի խորհրդարանի խոսնակ Սելիմ Ալ-Ջեբուրիի հետ, հանդիպմանը քննարկվել է սուննի ցեղերի սպառազինումն ամերիկացիների կողմից, որոնք բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում, եւ որոնց զգալի մասը գրավել են ԻՊ գրոհայինները: