Բրիտանական գիտնականների նոր բացահայտումը կօգնի իմունային բջիջների օգնությամբ տարբեր աստիճանի ճարպակալման դեմ պայքարի հեռանկարային նոր միջոցներ բացահայտել:
Weill Cornell Medical School-ի գիտնականները հանգել են եզրակացության, որ երկրորդ խմբի ILC2s իմունային բջիջները, որոնք ի ծնե իմունային լիմֆոիդ բջիջներ են, ճարպային հյուսվածքին օգնում են նյութափոխանակության գործընթացներ կատարել, որոնք նպաստում են կալորիաների այրմանը:
Informing-ի փոխանցմամբ, հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են ճարպակալմամբ տառապող եւ քաշային նորմալ կարգում գտնվող մարդկանց: Նրանք նկատել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ILC2s իմունային բջիջներն ավելի պակաս ակտիվ են, քան նորմալ քաշ ունեցողների մոտ: Բացի այդ, գիտնականները նկատել են, որ օրգանիզմում նման բջիջների քիչ քանակությունը հանգեցնում է ճարպակալման:
Գիտնականները վստահ են, որ այս բնագավառում հետագա հետազոտությունները, մասնավորապես՝ ճարպային հյուսվածքների եւ ILC2s իմունային բջիջների աշխատանքի փոխկապակցման հայտնաբերումը, կօգնեն մարդկանց ճարպակալման դեմ պայքարի նոր մեթոդներ եւ դեղամիջոցներ գտնել:




























