Շվեյցարական Լա Շո դը Ֆոն քաղաքի ղեկավարությունը Եվրոպայում ինքնատիպ հաստատություն ստեղծելու շուրջ ժողովրդական քննարկում է նախաձեռնել: Այստեղ ծրագրում են կենդանաբանական այգի բացել, որը միաժամանակ վայրի բնության թանգարան կդառնա:

Նախագծով ենթադրվում է Բուա դյու Պըտի Շատո քաղաքային անտառում տեղակայված կենդանաբանական այգու տարածքում նաեւ բնության պատմության թանգարան հիմնել: Այգու եւ թանգարանի պոտենցիալ այցելուների կարծիքն ու ցանկությունները հաշվի առնելու համար քաղաքային իշխանությունները առցանց հարցաշար են ստեղծել: Հունվարին քաղաքի փողոցներում հարցումներ կանցկացվեն անցորդների եւ զբոսաշրջիկների շրջանում: Այս մասին գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Euromag-ին:

2015 թվականի հունիսին նախագիծը կներկայացնեն Դաշնային Խորհրդի քննարկմանը: Ծրագրի արժեքը 17 մլն ֆրանկ է: Նախնական հաշվարկներով, կենդանաբանական այգին տարեկան 200 հազար այցելու կունենա, իսկ թանգարանը՝ 50 հազար այցելու: