Ամանորի նախաշեմին Facebook ընկերությունն օգտատերերին առաջարկեց իրենց անձնական էջում սեփական լուսանկարներից կազմված «Տարվա տեսություն» տեղադրել: Այդ կերպ սոցիալական ցանցը մարդկանց կոչ արեց հիշել լավագույնը, որով կհիշվի անցնող տարին: Սակայն այս նախաձեռնությունը ոչ բոլորի դրական արձագանքին է արժանացել: Ըստ The Washington Post-ի, «Տարվա տեսություն»-ը ոմանց հիշեցրել է իրենց կյանքի ողբերգական իրադարձությունների մասին:
Վեբ-դիզայներ եւ գրող Էրիկ Մեյերը 2014 թվականին կորցրել է 6-ամյա դստերը. փոքրիկը մահացել է ուղեղի քաղցկեղից: Facebook-ն ավտոմատ կերպով երեխայի լուսանկարը ներառել է «Տարվա տեսություն»-ում, չնայած մինչ այդ դժբախտ հայրը խուսափում էր դիտել դստեր լուսանկարները:
Ըստ Gazeta-ի, «Տարվա տեսության» ստեղծման համար պատասխանատու Ջոնաթան Գելլերը ներողություն է խնդրել Էրիկ Մեյերից եւ խոստացել, որ ընկերությունը կաշխատի ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:




























