Ֆրանսիայում ավելի քան 600 հազար մարդ ամանորը դիմավորել են մայրաքաղաքի Ելիսեյան դաշտերում: 15 րոպեի ընթացքում Հաղթական կամարը վերածվել է հսկայական էկրանի, որի վրա պրոյեկտվել են Փարիզի գլխավոր տեսարժան վայրերը՝ Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը, Պոմպիդու կենդրոնը, Ազգային ժողովի շենքը:

Դիմելով քաղաքացիներին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ընդգծել է, որ մտադիր է ֆրանսիական մայրաքաղաքին վերադարձնել իր նախկին փայլը: Նա հայտարարել է, որ փարիզյան իշխանությունները պատրաստվում են «վճռականորեն պայքարել ճգնաժամի դրսեւորումների դեմ»՝ քաղաքացիների համար ապահովելով «կյանքի լավագույն պայմանները», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ամանորի կապակցությամբ բնակիչներին շնորհավորել է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա ֆրանսիացիներին կոչ է արել «հույսով սպասել ապագային, հավատալ ուժերին, իրենց աշխատանքով երկիրը առաջ տանել», - ընդգծել է նախագահը: