Աբդել Ֆաթթահ աս-Սիսին դարձել է Եգիպտոսի առաջին նախագահը, որը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագին: Երեքշաբթի երեկոյան նա անսպասելիորեն այցելել է Կահիրեի կենտրոնում գտնվող Սուրբ Մարկոսի եկեղեցի, որտեղ հազարավոր ղպտիներ էին հավաքվել (եգիպտացի քրիստոնյաներ), եւ անձամբ բոլոր հավատացյալներին շնորհավորել է տոնի առիթով:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, արդեն երկար տարիներ հունվարի 7-ը՝ ղպտիական ուղղափառ օրացույցի գլխավոր տոներից մեկը, Եգիպտոսում պաշտոնապես հանգստյան օր է: Բայց մինչեւ հիմա երկրի նախագահը երբեք չի մասնակցել Ծննդյան տոնի պատարագին, չի այցելել Մայր տաճար: Այդ պատճառով ութ միլիոն ղպտիների համար այս այցը նշանակալի իրադարձություն է դարձել:




























