Երեւանում այսօր՝ հունվարի 8-ին, վաղ առավոտից սկսվել են ձյան մաքրման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ կտեղա ձյուն, ուստի քաղաքապետարանը, վարչական շրջանների ղեկավարները, կոմունալ ծառայությունները ամբողջ գիշեր կազմուպատրաստ սպասել են: Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ՝ առավոտյան 7.15-ին ձյուն տեղալուց հետո իրենք անցել են գործի, սկսել են աղով, ավազով մաքրել ոչ միայն կենտրոնական եւ երկրորդային փողոցները, այլեւ մայթերը, աստիճանահարթակները: Այն հատվածներում, որտեղ ձյան շերտը բարձր է, աշխատում են նաեւ ձնահավաք մեքենաները:
Արթուր Գեւորգյանը վստահեցրեց, որ ձնամաքրման աշխատանքներն այժմ էլ իրականացվում են, բոլոր փողոցները երթեւեկելի են, փակ ճանապարհի կամ մերկասառույցի լինելու մասին որեւէ ահազանգ, դժգոհություն չեն ստացել:


























