Լոնդոնի համալսարանական քոլեջում անցկացված հետազոտությունը ցույց է տվել. մանկական մուլտֆիլմերն ամենեւին էլ անմեղ չեն: Պարզվում է՝ մանկական մուլտֆիլմերի կերպարները երկու անգամ ավելի հաճախ են մահանում, քան մեծահասակների լսարանի համար նախատեսված ֆիլմերի հերոսները:
Գիտնականները գնահատել են, թե որ րոպերին են մեռնում G վարկանիշով (առանց տարիքային սահմանափակման) եւ PG վարկանիշով (խորհուրդ է տրվում ծնողների ներկայությունը) մուլտֆիլմերի կերպարները, որոնք ընդգրկված են մանկական ժապավենների «թոփ-45»-ում եւ թողարկվել են 1937 թվականից («Սպիտակաձյունիկը») մինչեւ 2013-ն ընկած ժամանակահատվածում («Սառը սիրտը»):
Ըստ The Hindustan Times-ի, դաժանության մակարդակով մուլտֆիլմերը համեմատել են մեծահասակների համար նկարահանված եւ կինովարձույթում ամենաշատ եկամուտն ապահոված երկու ֆիլմերի հետ: Ընդգրկված են եղել սարսափ ժանրի ֆիլմերը, օրինակ՝ «Էմիլի Ռոուզի վեց դեւերը» «Ինչ է թաքցնում սուտը», եւ «Քրեական ընթերցանություն» եւ «Սեւ կարապ» թրիլլերները:
MedDaily-ի փոխանցմամբ, մանկական ֆիլմերի գլխավոր հերոսները 2.5 անգամ ավելի հաճախ են մահանում, քան մեծահասակների ժապավենների հերոսները: Մուլտֆիլմերում գլխավոր հերոսների ծնողները, համապատասխանաբար, 5 անգամ ավելի հաճախ են մեռնում: Երբեմն մուլտիպլիկացիոն կերպարները մահանում են գրեթե անմիջապես, օրինակ՝ Նեմո ձկնիկի մորը բարակուդան ուտում է ֆիլմի 14-րդ րոպեում, իսկ Տարզանի ծնողներն ընձառյուծը սպանում են ֆիլմի 4-րդ րոպեում:




























