Հունվարի 10-ին ձեւավորվեց Հիմնադիր խորհրդարանը եւ տեղի ունեցավ նրա 1-ին նիստը: Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանն իր կանոնակարգի համաձայն լուծարվեց:

Այս առթիվ Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հիմնադիր խորհրդարանը ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող այլընտրանքային մարմին է, որն իր ստեղծման օրվանից ստանձնում է ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձեւավորման, ՀՀ-ին Արցախի դե-յուրե միավորման եւ երկրի ապագաղութացման անցումային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը:

Առաջիկա ամիսների ընթացքում Հիմնադիր խորհրդարանը հանդես է գալու որպես «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման  կառավարման մարմին եւ ռեժիմին հեռացնելու քայլերն սկսելու վերջնաժամկետ է հայտարարում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ը:

Միեւնույն ժամանակ՝ Հիմնադիր խորհրդարանն ամեն պահի պատրաստ է ազգի եւ պետության առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերների սրացման եւ անկառավարելիության վիճակ առաջանալու պարագայում ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը:

Հիմնադիր խորհրդարանի նախագահ ընտրվեց Գարեգին Չուգասզյանը, նախագահի տեղակալներ՝ Վարուժան Ավետիսյանը եւ Հայկ Գրիգորյանը:

Հիմնադիր խորհրդարանն իր գործունեության ապահովման համար ընտրեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն հետեւյալ կազմով՝ Ժիրայր Սէֆիլյան (քարտուղարության համակարգող), Ալեք Ենիգոմշյան (քարտուղարության համակարգողի տեղակալ), Էմիլ Աբրահամյան, Հայկ Ժամհարյան, Եղիա Ներսեսյան, Գեւորգ Սաֆարյան, Վահագն Ավագյան, Հասմիկ Էվոյան: