2015թ. ապրիլի 24-ին Չանաքքալեի ճակատամարտը նշելու Անկարայի նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, աշխարհում կողմնակից չի ունենա, իսկ շատ մարդիկ, հերթական անգամ տեսնելով Թուրքիայի իրական կերպարը, կգիտակցեն, թե որքան ցինիկ է այդ երկիրը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների դեմ պայքարի թուրքական մտքի սրությունը սահմանափակվել է միայն նունը օրը իր հաղթանակներից մեկը նշելու գաղափարով: «Սա ցինիզմի բարձրագույն աստիճանն է: Նմանատիպ նախաձեռնության մասին տեղեկություններն առաջին անգամ հրապարակվել են անցած տարվա հունիսին: Այդ ժամանակ բարեկամական այցի շրջանակներում մենք գտնվում էինք Մեծ Բրիտանիայում, եւ անգամ բրիտանացի պատգամավորները շատ բացասաբար արձագանքեցին դրան», - ընդգծել է Պողոսյանը:
Պատգամավորը հավաստիացրել է, որ Անկարայի նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, աշխարհում կողմնակից չի ունենա, իսկ շատ մարդիկ, հերթական անգամ տեսնելով Թուրքիայի իրական կերպարը, կգիտակցեն, թե որքան ցինիկ է այդ երկիրը եւ որ պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ: «Դրանով Թուրքիան ավելի շատ վնասեց սեփական իմիջին, քան նպաստեց ժխտման քաղաքականության իրականացմանը», - հավելել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ապրիլի 24-ին կլինեն միջոցառումներ եւ Թուրքիա կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։




























