Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ավարտել է իր այցը Ֆիլիպիններ, որտեղ ապրում է Ասիայի ամենամեծ կաթոլիկ բնակչությունը:

Հավատացյալների բազմությունը ճանապարհի երկայնքով կանգնել ու ողջունել է պոնտիֆիկի ավտոշարասյանը, որն ընթանում էր դեպի Վիլամորի ավիաբազա: Այստեղից Հռոմի Պապի օդանավն ուղեւորվել է Հռոմ:

Օդանավակայանում նրան ճանապարհել են երկրի նախագահ Բենիգնո Ակինոն եւ Ֆիլիպինների կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունը, ինչպես նաեւ մի խումբ որբ երեխաներ, որոնք վանկարկել են. «Ֆրանցիսկոս պապ, մենք քեզ սիրում ենք», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ասիա կատարած իր այցի ընթացքում Հռոմի Պապն այցելել է նաեւ Շրի Լանկա, իսկ նախօրեին պատարագ է մատուցել Մանիլայի քաղաքային այգում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ներկա է եղել 6 մլն մարդ: