Թուրքիան վաղուց էր պաստրաստվում 2015-ին նշել Դարդանելիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակը, սակայն այն ապրիլի 24-ին նշել է ցանկացած քաղաքակրթական եւ բարոյական հարթությունից բավականին ցածր մակարդակի վրա կայացված որոշում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանն իր խոսքի սկզբում նշեց, որ 2015-ը բավականին հագեցված սկսվեց եւ բացառություն չեղավ նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Թուրքիայի անսպասելի քայլերից մեկը։ Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիան երկար ժամանակ պատրաստվում էր նշել Դարդանելիի կամ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը։
«Սակայն բավականին անսպասելի էր գիտակից մարդու համար ընկալել ցանկացած քաղաքակրթական եւ բարոյական հարթությունից բավականին ցածր մակարդակի վրա կայացրած Էրդողանի որոշումը։ Իհարկե, հստակ է եւ պարզ, որ Թուրքիայի նախագահն այս որոշումով փորձելու է, նշում եմ՝ փորձելու է աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից։
Ցանկացած ողջախոհ մարդու համար Էրդողանի որոշումը Ցեղասպանության օր հանդիսացող ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր՝ ցինիզմ է եւ անարգանք 1,5 մլն զոհված հայերի համար»,-նշեց թուրքագետը։
Անդրադառնալով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին Էրդողանի կողմից Հայաստանի նախագահին ուղղված հրավերի պատասխանին՝ Իսպիրյանը շեշտեց, որ նախագահ Սարգսյանի պատասխանը երկար էր, կոռեկտ էր, սակայն դիպուկ էր եւ տեղին, որտեղ չկար հուզականություն ու ցինիզմին ցինիզմով պատասխանելու հանգամանքներ չկար։ «Հայաստանի նախագահի պատասխանը շարադրված էր դիվանագիտական էթիկայի սահմաններում»,-ամփոփեց Անդրանիկ Իսպիրյանը։




























