Արդեն մի քանի տարի շարունակ Թուրքիան պատրաստվում է դիմագրավել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. տեղի է ունենում թուրքական ժխտման քաղաքականության կերպափոխում: Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի՝ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերը անհրաժեշտ է ավելի շատ դիտարկել որպես մարտահրավեր: «Նրանք ասում են, որ ողբերգությունը եղել է, սակայն զոհվել են ոչ միայն հայեր, այլեւ այլ ազգի ներկայացուցիչներ: Եւ այդ իրադարձությունների համար պատասխանատու է ոչ միայն Թուրքիան, այլեւ միջազգային հանրությունը», - նշել է Նավասարդյանը:

Մամուլի ակումբի նախագահի համոզմամբ՝ Հայաստանը բախվել է մարտահրավերի այն իմաստով, որ աշխարհը փաստացիորեն պետք է ընտրություն կատարի՝ Հայաստա՞ն, թե՞ Թուրքիա: Եվ իհարկե, նրանց որոշման վրա կազդի Հայաստանի եւ Թուրքիայի նկատմամբ ունեցած վերաբերմունք: Էրդողանի նկատմամբ վերաբերմունքը շատ բացասական է, սակայն ցավոք, Հայաստանը շատերի կողմից ոչ այդքան դրականորեն է գնահատվում », -ասել է Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ապրիլի 24-ին կլինեն միջոցառումներ եւ Թուրքիա կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։ Սերժ Սարգսյանը պատասխանել է միջոցառմանը մասնակելու Էրդողանի նամակին: Նախագահի նամակում, մասնավորապես, ընդգծվում է. « Դեռեւս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: