Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը հայտարարել է, որ կաթոլիկները չպետք է «ճագարների նման բազմանան», հայտնում է The Daily Telegraph-ը: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հստակեցրել է, որ կաթոլիկները պետք է պատասխանատու ծնողներ լինեն:

Ֆիլիպիններում լրագրողների առաջ ելույթ ունենալով՝ պապը անդրադարձել է պատասխանատու ծնողների թեմային՝ նշելով, որ եկեղեցու կողմից հավանություն ստացած բավական միջոցներ կան, որոնք վերահսկում են ծնելիությունը: Ֆրանցիսկոս I-ը նշել է, որ եկեղեցին արգելում է հղիության արհեստական ընդհատումը եւ դեմ է պաշտպանվելուն, փոխանցում է Lenta-ն:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես վարվեն այն ընտանիքները, որոնք արդեն ավելի շատ երեխաներ ունեն, քան կարող են իրենց թույլ տալ, Հռոմի պապն ասել է, որ  ոչ մի սոցիալական ինստիտուտ իրավունք չունի ընտանիքին պարտադրել իր հայացքները՝ երեխաների թվի վերաբերյալ:

Հռոմի պապը Ֆիլիպիններ է այցելել իր ասիական շրջագայության շրջանակում, որը սկսվել է հունվարի 12-ին: Մայրաքաղաք Մանիլայի փողոցներում  պապին դիմավորել է շուրջ վեց մլն մարդ: