Ռուսաստանը չպետք է թույլ տա թուրքական դիվանագիտությանը մոլորեցնել իրեն: Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին ասել է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների պատրվակով Հայաստան այցից հրաժարված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խայծը ոչ այլ ինչ է, քան պարզունակ հնարք:
«Գալիպոլիի մարտերն ընթացել են 1915թ. մարտից մինչեւ 1916թ. հունվար: Ինչո՞ւ այս 9 ամիսներից ընտրվեց հենց ապրիլի 24-ը: Հարցը հռետորական է եւ բոլորի համար հասկանալի: Կողքից հասկանալի է այդ խայծի ամբողջ ապաշնորհությունը: Հարցն այն է, թե դա կհասկանան արդյոք Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ Անգլիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները, եւ ուր կգնան նրանք ապրիլի 24-ին՝ Թուրքիա, թե՞ Հայաստան: Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանին: Եվ այստեղ ավելորդ չէ հիշեցնել Ռուսաստանին քեմալական Թուքիային Մոսկվայի վստահելու դառը փորձը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», - նշել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Օրերս Էրդողանը 2015 թ. ապրիլի 24-ը հռչակել է Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի օր եւ անձամբ ՀՀ նախագահին հրավիրել մասնակցելու տոնական միջոցառումներին: Պատասխան նամակում Սարգսյանը թուրք գործընկերոջը հասկացրել է, որ հարմար պատրվակի հետեւում թաքնվելը փակուղի տանող ուղի է:



























