Դանիայի քաղաքական գործիչները կոչ են արել հեռացնել հոգեւոր հովիվ Պեր Ռամսդալին, քանի որ վերջինս կասկածի տակ է դրել Քրիստոսի հարությունը, հայտնում է Politiken-ը:
Համապատասխան պահանջով հանդես են եկել Դանիայի ժողովրդական կուսակցության, Լիբերալ կուսակցության եւ Լիբերալ դաշինքի ներկայացուցիչները: Առիթ է հանդիսացել Ռամսդալի հարցազրույցը տեղի խոշորագույն թերթերից մեկի՝ Jyllands-Posten-ի հետ:
Հարցազրույցում հոգեւորականը հայտարարել էր, որ չի հավատում Քրիստոսի հարությանը, նաեւ կարծում է, որ այդ մասին հատվածը, որն ընթերցում են եկեղեցում, ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, փոխանցում է Lenta-ն:
Politiken-ը նշում է, որ պետությունը, թեեւ սատարում են լյութերական եկեղեցուն, չպետք է միջամտի դրա գործերին: «Հոգեւորականներն էլ մնացած մարդկանց պես կարող են կասկածել», — գրում է կայքը:
TV2N-ի տվյալով՝ Ռամսդալը հանդիպել է Կոպենհագենի եպիսկոպոս Պետեր Սկավ-Յակոբսենի հետ, ինչից հետո նրան հանձնարարել են կես տարվա ընթացքում ընթերցել եւ աստվածաբան պրոֆեսորի հետ քննարկել քրիստոնեական աշխատություններ:




























