Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձը թուրքական դիվանագիտության նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա: Այս մասին գրել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Այս համոզմունքս ոչ թէ նրա համար է, որ այլեւս չեմ վստահում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Թուրքիայի դատարկ կոչերին, այլ նրա համար, որ բոլոր ժամանակների Թուրքիայի համար շարունակվում է առաջնային մնալ Հայոց Ցեղասպանության ժխտողականության, դիվանագիտական եւ տեղեկատվական բոլոր խողովակներով ընդգծված հակահայկական քարոզչության, փակ սահմանների միջոցով Հայաստանի տնտեսական շրջափակման քաղաքականությունը:

Երջանկահիշատակ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը խոսել հայ-թուրքական բարեկամությունից եւ կարծրատիպեր կոտրելուց, ոչ այլ ինչ է, քան պաշտոնական երկերեսանիություն: Դավութողլուն չպետք է մոռանա, որ հայ-թուրքական հարաբերություններում տաբուները քանդելու, առանց նախապայմանների երկխոսելու, դրա համար իրավապայմանագրային դաշտ ստեղծելու առաջին քայլերն ու նախաձեռնությունները, ինչպես նաեւ 1,5 միլիոն ցեղասապնված հայերի հիշատակի ոգեկոչման եւ հարգանքի տուրքը միասին մատուցելու քաղաքակիրթ առաջարկները պաշտոնական Երեւանն է իրականացրել:

Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ երկխոսության, եւ առավել եւս ինչպես պարոն Դավութօղլուն է ասում կարծրատիպեր քանդելու, փոխադարձ վստահություն եւ համագործակցություն զարգացնելու, իբրեւ թե 800 տարվա համատեղ պատմության լույսի ներքո միմյանց ճանաչելու եւ այլն: Մենք որպես աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկը` հակված ենք ներողամտության, բարեկրթության, հանդուրժողականության (նույնիսկ չափից ավելի), որպես կանոն ընդունում ենք երկխոսելու, ընդառաջ գնալու, բարեկամական ու խաղաղարար հարաբերություններ ունենալու առողջ եւ անկեղծ կոչերը:

Թուրքիայի հարգարժան վարչապետին կոչ եմ անում, մի փորձեք հերթական խաբկանքը ստեղծել Ձեր հանրապետության շուրջ: Բոլոր ժամանակներում էլ մենք հայերս հարգանքով ենք վերաբերվել ոչ միայն թուրքերին, այլ բոլոր ազգերին, բայց պահանջել ենք փոխադարձ ու լիարժեք հարգանք: Ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը, կամ եթե չունեք քաղաքական կամք եւ ուժ ազնիվ լինելու ինքներդ Ձեր պատմության առջեւ, ապա որպես առաջին քայլ դադարեցրեք ժխտողականության ու հակահայկական քարոզչության բոլոր դրսեւորումները:

Հարգանքով վերաբերվեք հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործում Ձեր իսկ պաշտոնական հանձնառության նկատմամբ: Եվ վերջապես Գալիպոլիի հաղթանակի 100-րդ տարելիցը նշելիս չմոռանաք Ձեր բոլոր հյուրերին պատմել, որ հենց այդ օրերին, Օսմանյան Թուրքիայի պաշտոնական ղեկավարության նախաձեռնությամբ, ծրագրաված կերպով իրենց հայրենի բնօրրաններից տեղահանվել ու սպանվել են 1.5 միլիոն Ձեր քաղաքացիները: Սպանվել են, որովհետեւ Հայ էին ու Քրիստոնյա: Ուրիշ պատճառ չկա»,- գրել է պատգամավորը: