«Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հուլիսի 14-ին, ծանուցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի կողմից տույժի ենթարկվելու մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն իր հուլիսի 15-ի համարում:

Ըստ այդմ, Նավասարդյանը Փաշինյանին նկատողություն է հայտարարել, իր որոշումը պատճառաբանելով հետեւյալ կերպ, թե իբր Փաշինյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում իր համակարգչով ինտերնետ է մտել: Հետաքրքիրն այն է, սակայն, որ նկատողություն հայտարարելուն կցված փաստաթղթերում որեւէ ապացույց կամ փաստաթուղթ չկա, որը կվկայեր, թե Փաշինյանն իրոք օգտվել է ինտերնետից: «Այսինքն, գործ ունենք հերթական ապօրինի եւ անբարո որոշման հետ, որի նպատակը Նիկոլի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման պայմանները խստացնելն է»,-եզրակացնում է թերթը եւ հավելում, որ Փաշինյանը քրեակատարողական հիմնարկից երբեք ինտերնետ մուտք չի գործել եւ պատրաստվում է իրեն տույժի ենթարկելու մասին որոշումը բողոքարկել դատարանում: