Գերմանիայի երկու օդանավակայաններում անվտանգության ծառայության  աշխատակիցների գործադուլի պատճառով շուրջ 250 չվերթ է չեղարկվել:

Գործադուլ է Դյուսելդորֆի օդանավակայանում, որտեղ նախատեսված 190 չվերթից չեղարկվել է 40-ը, եւ Քյոլնի օդանավակայանում, որտեղ նախատեսված 530 չվերթից չեղարկվել է 205-ը, փոխանցում է DPA գործակալությունը:

Ուղեւորներին խորհուրդ են տալիս նախապես դիմել իրենց ավիաընկերություններին՝ չվերթի կարգավիճակի մասին վերջին տեղեկությունն իմանալու համար: Ուղեւորներին խորհուրդ են տալիս նաեւ ժամանակին ժամանել օդանավակայան եւ կրճատել ձեռքի ուղեբեռի ծավալը: Սպասվում է, որ գործադուլը կտեւի մեկ օր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստնին»:

Արհմիությունը պահանջում է փոփոխություններ անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձի բարձրացման պայմանագրում: Արհմիության ներկայացուցիչ Անդրեա Բեքերը նշել է, որ նախնական գործադուլը  «վերջին եւ լուրջ պահանջն է»՝ գործատուների հետ երեք փուլով ապարդյուն բանակցություններից հետո: