«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական  պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին:

Դատավարական սխալ թույլ տալու համար դատավորը ստացել է նախազգուշացում: Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատավորը տույժի է ենթարկվել, քանի որ քրեական գործը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացրել է ոչ թե խորհրդակցական սենյակում, այլ հենց դահլիճում: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նույն հանձնաժողովը միջնորդել է նաեւ կարգապահական պատասխանատվության ենթարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին, սակայն վերջինիս դեպքում արդարադատության խորհուրդը բավարարվել է հարցը քննարկելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: