Գորիսում 2015 թվականի փետրվարի 9-12 տեղի կունենա ազգային սեմինար` նվիրված «Խելացի քաղաք» նախաձեռնությանը: Աշխատաժողովի մասնակիցները կքննարկեն «Խելացի քաղաք»-ի հայեցակարգը, մարտահրավերները, նախաձեռնությունները, գործունեությունը, նպատակները եւ ակնկալվող արդյունքները:

Քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ առաջարկվող ծրագրի ռազմավարական նպատակն է խթանել քաղաքների կայուն զարգացումը, հատկապես անցումային տնտեսություններ ունեցող եւ զարգացող երկրներում` հմտությունների եւ քաղաքականության վերլուծության, պիլոտային գործունեության, իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխգործակցության եւ կարողությունների հզորացման միջոցով:

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք:

ՀՀ Քաղաքաշինության նախարարության, Գորիսի քաղաքապետարանի, ՄԱԿ ԵՏՀ-ի, UNDP-ի եւ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի ազգային գրասենյակի հետ համատեղ կմշակեն Գորիսի «Խելացի քաղաքի» հիմնական ցուցանիշները, համագործակցելով նախագծի հիմնական գործընկերների հետ: «Խելացի Քաղաք» նախաձեռնության մեկնարկը Գորիսում կսկսվի նախնական գնահատմամբ, որը կիրականացվի ՄԱԿ-ի ԵՏՀ փորձագետների միջոցով:

Ծրագրի փորձագետները, համագործակցելով տեղական իշխանությունների եւ գործընկերների հետ կկատարեն տվյալների հավաքագրում եւ կպատրաստեն Գորիս քաղաքի նկարագիրը: Ծրագրի շրջանակներում Գորիսում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կիրականացվեն ազգային, տեղական եւ միջազգային կառույցների մասնակցությամբ:

Ինչ ասել է՝ «Խելացի քաղաք»: Դա մի քաղաք է, որը կարող է ապահովել մատչելի բնակարանաշինություն, նվազեցնել էներգիայի սպառումը եւ աղտոտող արտանետումների մակարդակը: Այն աջակցում է կանաչ, առողջ, խելացի ու կայուն մարդկային բնակավայրերի ստեղծմանը, խթանում է ներդրումների իրականացմանը տարբեր ոլորտներում եւ արդյունավետորեն կառավարում է առկա ֆինանսական ռեսուրսները: Աջակցում է քաղաքային հողերի կայուն կառավարմանը:

«Խելացի քաղաքներ» նախաձեռնության նպատակն է նախագծի շրջանակներում աջակցել պետական եւ տեղական իշխանություններին՝ մշակելու եւ իրականացնելու պետական եւ տեղական քաղաքականություն՝ կայուն քաղաքաշինական զարգացման համար: