Փետրվարի 11-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նշանակումներ` ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչությունում, Նաիրիտի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, անօդաչու թռչող սարքավորումների խմբում, ինչպես նաեւ Արմավիրի եւ Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվական ապահովման եւ վիճակագրության բաժնի պետ Ալվինա Մնացականյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում:

Ա. Մնացականյանը ծնվել է 1967 թ. մայիսի 30-ին, Երեւանում:

Սովորել է մայրաքաղաքի թիվ 104 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնում, ստանալով ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում:

1993 թ. աշխատանքի է անցել քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հանրապետական շտաբում` կազմակերպչական մոբիլիզացիոն եւ կադրերի, ապա` օպերատիվ կառավարման բաժիններում:

1999 թ. տեղափոխվել է ՀՀ ԿԱ արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ուժերի նախապատրաստման բաժին:

2000 թ. նույն համակարգում անցել է զինվորական ծառայության` ստանալով լեյտենանտի կոչում:

2001-2003 թթ. եղել է «Փրկարար» ուսումնական կենտրոնի հրահանգիչ եւ մինչ օրս շարունակում է ծառայությունը` արդեն ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում:

Աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում (արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչություն, բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության գիտատեխնիկական բաժին, ապա ավտոմատացված համակարգերի, ծրագրային եւ կապի ապահովման բաժին) Ալվինա Մնացականյանը մշտապես աչքի է ընկել բարեխիղճ ծառայությամբ, բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական գրագիտությամբ եւ պատրաստվածությամբ, իր առջեւ դրված խնդիրների համար հրատապ ու ստեղծագործ լուծումներ գտնելու ընդունակությամբ եւ մասնագիտական կարողություններն անընդհատ կատարելագործելու ձգտումով:

Մշակել է քիմիական օբյեկտներում վթարի դեպքում իրավիճակի գնահատման ծրագիր, իսկ հետագայում ավելի մասնագիտացել է տեղեկատվական տեխնալոգիաների, ծրագրավորման եւ վեբ դիզայնի բնագավառում` զբաղվելով մեր նորանկախ հանրապետության դեռեւս նոր-նոր զարգացող արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի տեղեկատվական ապահովմամբ:

Գնահատելով նրա ներդրումն ԱԻ համակարգի զարգացման գործում, բարեխիղճ ծառայությունն ու մասնագիտական որակները` ՀՀ ՏԿԱԻ նախարարի որոշմամբ Ա. Մնացականյանը դարձավ փրկարար ծառայությունում առաջին կինը, ում շնորհվեց գնդապետի կոչում: