Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին, որում, մասնավորապես, նշվում է, որ ս/թ փետրվարի 9-ի ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով ձեւավորված հանձնաժողովի` հիմնադրամում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 21-ին «Հավանականությունների տեսություն եւ վիճակագրություն» առարկայից նշանակված եւ անցկացված քննությունն իրականացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով։
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, մասնավորապես, վերոնշյալ առարկայից նշանակված եւ անցկացված քննության հարցաշարը սովորողներին նախապես չի տրամադրվել, ավելին` մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնում /որի կողմից կազմակերպվել է քննությունը/ հաստատված հարցաշար առկա չի եղել, քննական տոմսերը հաստատված չեն եղել համապատասխան անձանց /կառույցի/ կողմից, քննական տոմսում նշված չի եղել, թե որ մասնագիտության եւ կրթական ծրագիրը յուրացնող սովորողի համար է այն նախատեսված, ամբիոնում բացակայել է դասախոսի օրացուցային պլանը, համաձայն որի` պետք է իրականացվեին ուսանողի քննական նյութի շրջանակում դասախոսություններ, ամբիոնում բացակայել է նաեւ «Հավանականությունների տեսություն եւ վիճակագրություն» դասընթացի առարկայական ծրագիրը:
Ելնելով վերոգրյալից` առաջարկվել է չեղյալ համարել ս/թ հունվարի 21-ի «Հավանականությունների տեսություն եւ վիճակագրություն» առարկայի քննությունը, ողջամիտ ժամկետում իրականացնել վերը նշված թերությունների վերացում, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել սովորողներին /ասպիրանտներին/ ցանկության դեպքում կրկին մասնակցելու անցկացվող քննությանը` գնահատականի պահպանմամբ:





























