Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Երեւանի բնակիչ Հայկ Բալյանի բազմազավակ ընտանիքին: Հինգ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը, որը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթին եւ 2013 թվականին էլ արժանացել է «Լավագույն մարզական ընտանիք» վկայագրին, երկար տարիներ սպասել է բնակարանի։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երեւանի ավագանին փետրվարի 10-ի նիստում միաձայն որոշում կայացրեց Երեւան համայնքի սեփականությունը համարվող Մարգարյան փողոցի 37 շենքի թիվ 73 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրելու Հայկ Բալյանի ընտանիքին:
Շնորհավորելով Բալյաններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նրանց ընտանիքի օրինակով մայրաքաղաքում կավելանա սպորտով զբաղվող եւ առողջ ապրելակերպի ջատագով ընտանիքների թիվը:
«Քաղաքապետարանը պատրաստ է աջակցելու մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց ներդրումն ունեն մայրաքաղաքի թե՛ մարզամշակութային կյանքի աշխուժացման, եւ թե՛ առողջ ապրելակերպի խթանման հարցում: Ձեր դեպքում առանձնակի գնահատանքի է արժանի նաեւ բազմազավակ ընտանիք լինելու հանգամանքը, ինչը եւս մեր կողմից մշտապես կարեւորվել է եւ, վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել բազմազավակ մեր բոլոր համաքաղաքացիներին», - նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով, որ նոր բնակարանը Բալյանների ընտանիքի համար դառնա ընտանեկան ջերմության եւ անմնացորդ սիրո անառիկ ամրոց, որը նրանք կվայելեն առողջ ու երջանիկ:
Հայկ Բալյանը, իր եւ ընտանիքի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Երեւանի ավագանուն սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող այս նախաձեռնության համար, նշել է, որ հինգ անչափահաս երեխաներից բաղկացած իրենց ընտանիքը երկար տարիներ է, ինչ բնակարանի կարիք ուներ:





























