Տրամաբանական էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը դեռ ամիսներ առաջ էր սպասում, որ Սերժ Սարգսյանը հետ կկանչի այդ արձանագրությունները։

«Երբ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «թող գրողի ծոցը գնան այդ արձանագրությունները», պարզ էր, որ հաջորդ քայլը հենց արձանագրությունները հետ կանչելն էր լինելու։ Բայց թե ինչու ամիսներ տեւեց այդ գործընթացը, չեմ կարող ասել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Փաստաթղթերի վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում նույնպես սառեցված է: