Հայ-թուրքական արձանագրություններն Հայաստանի ԱԺ-ից հետ կանչելուց հետո մենք ունենք տարբեր քայլեր իրականացնելու հնարավորություն: Այս մասին «Հ1»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մենք կարող ենք ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք եւ վավերացնել, այսինքն՝ ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից: Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը, արդյո՞ք կփոխվի, եւ եթե այո, ապա դեպի ո՞ր կողմ կփոխվի: Այնպես որ մենք քայլեր ունենք տարբեր ուղղություններով»,-ասել է նա:

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ տվյալ պարագայում կրկին այդ ֆուտբոլային տերմինաբանությամբ` գնդակը իրենց դաշտում է, եւ ակնհայտ է, որ շահագրգիռ պետությունները, միջազգային հանրությունը սպասելու են քայլեր Թուրքիայի կողմից:

Հարցին, թե Հայաստանի այս քայլը ենթադրո՞ւմ է, որ մենք հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի հետ վերջակետ ենք դնում, թե՞ նոր փաստաթղթի հավանականություն կա, Շավարշ Քոչարյանն արձագանքել է. «Եթե նախագահը ստորագրությունը չեղյալ հայտարարեր, ապա միայն տեսականորեն կարող էր նոր գործընթաց սկսվել»:

Ինչ վերաբերում է նրան, թե այս վեց տարիներն ում օգտին աշխատեցին, ԱԳ փոխնախարարը նշել է. «Ես մատնանշեցի թուրքական հասարակությունում այն ալիքը, որը բարձրացել է եւ արդեն դժվար է կասեցնել: Պետք է հիշել նաեւ, որ այս ժամանակահատվածում երկու պետություն՝ Հունաստանը եւ Սլովակիան, քրեականացրին ժխտողականությունը, ամենաէականը՝ երեւաց Հայաստանի իշխանությունների անկեղծ ձգտումը՝ կարգավորելու հարաբերությունները, եւ մենք պայմանավորվածությանը հակառակ որեւէ քայլ չենք կատարել՝ ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, որոնք անընդհատ առաջնորդվում են նախապայմաններով: Թուրքիայի իշխանությունների այսպիսի վարքագծի արդյունքում այս վեց տարիներն աշխատեցին ի վնաս կարգավորման գործընթացի»: