Հայաստանն ապացուցել է, որ տրամադրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դա միջազգային հանրությանը չզարմացրեց եւ մենք չէ, որ կասեցրել ենք կարգավորման գործընթացը։

Այս մասին փետրվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին։

Պատգամավորի խոսքով՝ ինքը ի սկզբանե կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, որոնց դրական կողմերը դեռ երկար զգացնել կտան։ Ըստ Մարիտոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, երբ Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվում, բնականաբար, նախագահը պետք է հետ կանչեր այդ արձանագրությունները։

«Սա չի նշանակում, թե հետագայում այդ փաստաթուղթը չի կարող այլեւս ստորագրվել։ Անհրաժեշտության դեպքում կարելի կլինի նորից ստորագրել այդ արձանագրությունները։  Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն նման արձանագրությունների միջոցով»,- ընդգծել է Լեւոն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակ էր հղել Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին։