Հյուսիսիռլանդացի կաթոլիկ հոգեւորական Ռոլանդ Քոլհաունը (Roland Colhoun) համարում է, որ յոգայուվ զբաղվելը կարող է քրիստոնյաներին տանել դեպի «խավարի թագավորություն»։

«Երբ դուք դիմում եք այլ մշակույթների փորձին, որոնք դուրս են քրիստոնեության սահմաններից, դուք չգիտեք, թե ինչ եք բացում ձեզ համար»,-ասել է հոգեւորականն ու հավելել. «Մարդիկ կարող են զբաղվել յոգայով բարի մտադրություններով, բայց դա տանում է դեպի «վատ հոգեւոր ոլորտ», սատանայի վերահսկողության ոլորտ», գրում է The Independent-ը։

«Չար ոգին կարող է փոխանցվել տարբեր ուղղություններով։ Ես չեմ խոսում, որ յուրաքանչյուրը ստանում է այն կամ դա տեղի է ունենում ամեն անգամ։ Մարդիկ կարող են անվտանգ զբաղվել յոգայով, բայց միշտ կա ռիսկը»,-ասել է հոգեւորականը։

Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը դեռեւս կարդինալ եղած ժամանակ զգուշացրել էր, որ յոգան, «ձենը» եւ տրանսցենդենտալ մեդիտացիայի մյուս ձեւերը կարող են «վերաճել մարմնի կուռքի», որը արժեզրկում է աղոթքը, հաղորդում է Lenta.ru-ն։