Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվարի տվյալները, որը Հայաստանի՝  ԵՏՄ անդամակցության առաջին ամիսն է:

Մեր երկրի տնտեսության համար կանխատեսելի հետեւանքներից կարելի է առանձնացնել ավելացված արժեքի հարկի հավաքման նվազումը (հունվարին այն նվազել է 4,4 տոկոսով): Դա հիմնականում կապված է ԵՏՄ երկրներին ներկրվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման հետաձգման հետ: Մինչ այդ այդ երկրներից ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ն գանձվում էր հենց սահմանին:

Արդյունքում բյուջեի մուտքերը ԱԱՀ-ի գծով այս տարվա հունվարին կրճատվել են նախորդ տարվա հունվարի համեմատ ավելի քան 1,5 մլրդ դրամով: Այս բացը լրացվել է այլ հարկերի եկամուտների հաշվին:

Այսպես, ակցիզային հարկի հավաքագրումն աճել է 1,1 մլրդ դրամով կամ 1,5 անգամ:

Մաքսատուրքերը հունվարին 765,5 մլն դրամով (27,3 տոկոսով) ավելի շատ է գանձվել, քան նախորդ տարի: Նկատենք, որ այդ «գործընթացը» չի ուղեկցվել արտաքին առեւտրաշրջանառության համարժեք աճով:

Նախնական տվյալներով՝ այս տարվա հունվարին արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 30,4 տոկոսով:

Ինչպես հայտնի է, ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքների դեպքում մաքսատուրք չի գանձվում, հետեւաբար զգալիորեն աճել են երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների (այդ թվում սպառողական) մաքսատուրքերի դրույքաչափերը:

Նշենք, որ ներմուծման միջին գները հունվարին աճել են  տարեկան կտրվածքով 12,1 տոկոսով: Այդ երկակի ազդեցության արդյունքում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մանրածախ գները պետք է բարձրանային: