Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթն ու Ռուզան Բադալյանը՝ դաունի համախտանիշով ծնված փոքրի Լեոյի ծնողները, նորից միասին են եւ ցանկանում են տեղափոխվել Նոր Զելանդիա։ Այս մասին գրում է նորզելանդական stuff.co.nz կայքը։
Կայքի տեղեկություններով՝ Ռուզան Բադալյանը Նոր Զելանդիայում կեցության իրավունք ստանալու համար դիմում է ներկայացրել, քանի որ զույգը պլանավորում է տեղափոխվել Օկլանդ։ Նրանք ամուսնալուծության փաստաթղթերը վերջնականապես ստորագրելուց առաջ որոշել շարունակել իրենց հարաբերությունները։ «Նրանք ցանկանում են մեծացնել երեխային Նոր Զելանդիայում, բայց ամեն բան կախված է նրանից, թե Նոր Զելանդիայի միգրացիոն իշխանությունները օրինական կհամարեն դա, թե ոչ»,- գրում է կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
NEWS.am-ի թղթակցին չհաջողվեց կապ հաստատել Ռուզան Բադալյանի կամ Սեմյուել Ֆորեսթի հետ։
Հիշեցնենք, որ Ֆորեսթի եւ նրա հայ կնոջ որդին՝ Լեոն, ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Ծնվելուց անմիջապես հետո նրա մոտ Դաունի համախտանիշ էին ախտորոշել: Առաջինն այդ մասին պատմեց փոքրիկի հայրը՝ լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց ամուսնալուծության պատճառ էր դարձել:
Երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը, մի քանի օր լռություն էր պահպանում, բայց հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ իր համար դժվար էր նման որոշում կայացնելը, եւ որ ինքն այդ քայլին դիմել է՝ հանուն երեխայի ապագայի: Նա նշել էր նաեւ, որ Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն ամենը, ինչ երբեք չի ունենա Հայաստանում: Նա հավելել էր, որ Սեմյուել Ֆորեսթը ոչինչ չի արել ընտանիքը պահպանելու համար, մասնավորապես, չի աշխատել, կնոջը չի առաջարկել միասին հոգ տանել երեխայի մասին: Ավելի ուշ պարզվեց, որ Սեմյուելը նախկինում ամուսնացած է եղել: Առաջին ամուսնությունից նա 4 երեխա ունի, որոնցից մեկը նույնպես Դաունի համախտանիշով է ծնվել:





























