Իսրայելի Փեթահ Թիքվա քաղաքի «Շարեթ» սրահում կայացավ «Զվարթնոց» հայկական ժողովրդական անսամբլի համերգը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Իսրայելում հայկական մշակույթի կենտրոնի՝ «Նոյան տապան»-ի մամուլի խոսնակ  Մենդել Կորսունսկին։

Նրա խոսքով՝ անհնար է նկարագրել լեփ-լեցուն դահլիճում տիրող  էներգիան եւ հիացմունքը։  Համերգից առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել են 1915-1923թթ. լույս տեսած արտասահմանյան թերթերում  հրապարակված լուսանկարներ, հոդվածներ։ Համերգից առաջ ելույթ ունեցավ նաեւ Փեթահ Թիքվայի քաղաքապետ պարոն Բրավերմանը, որը նշեց հայ եւ հրեա ժողովուրդների պատմական կապը եւ այն փաստը, որ Փեթահ Թիքվան հայկական համայնքի համար հայրենի քաղաք է հանդիսանում։

Քաղաքապետի ելույթից հետո բեմ դուրս եկավ Երուսաղեմի հայ պատրիարքարանի Արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, որը օրհնեց ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց քաղաքապետին երեկոյի կազմակերպման աջակցելու համար։ Արքեպիսկոպոսը նաեւ խորին ցավ հայտնեց այն կապակցությամբ, որ չնայած այն հանգամանքին, որ երկու ժողովուրդներն էլ ստիպված են եղել դժոխքի միջով անցնել, պաշտոնական Իսրայելը մինչ օրս պետական մակարդակով չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։

 «Զվարթնոց անսամբլը կատարեց Կոմիտասի հայկական դասական «Կռունկը», «Դլե Յամանը» եւ Սայաթ Նովայի «Թամամ Աշխարհն» ու այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Բարեբախտաբար ինձ հաջողվեց զրուցել անսամբլի ղեկավար Սուսան Բաղդասարյանի հետ, ով ինձ պատմեց, որ «Զվարթնոցի» կազմում ելույթ են ունենում երիտասարդ տաղանդներ՝ Հայաստանի եւ Արցախի տարբեր շրջաններից։ Իմ հարցին, թե ինչ կցանկանար նա նշել Ցեղասպանության 100-ամյակի շեմին, տիկին Բաղդասարյանը պատասխանեց.

«Ես ասելու բան չունեմ։ Իմ խոսքը մեր արվեստն է եւ մեր ապագան։ Բոլորին սեր եւ փոխհամաձայնություն եմ մաղթում»։

Ամփոփելով երեկոն՝ նշեմ, որ ցանկանում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել այս հեքիաթային երեկոյի համար, եզրափակել է Մենդել Կորսունսկին։

«Զվարթնոց» անսամբլը ելույթներ կունենա նաեւ Երուսաղեմում, Հայֆեում եւ Բեթղեհեմում։