Հայաստանի մաքսատանը ներմուծման ձեւակերպման խախտումներ չկան: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

«Եթե դուք խոսում եք մաքսատան մասին, ապա այստեղ առանց ձեւակերպման ներմուծում չկա»,-ասել է նա:

Միաժամանակ, նա չի պատասխանել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Հակոբ Ավագյանի հարցին, թե ինչու փոքր բիզնեսին ՀԴՄ չտրամադրելու համար պատժում են, իսկ խոշորին հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու համար՝ ոչ: «Հենց այստեղ էլ կորում է ապրանքի օրինականության հետքը»,-ընդգծել է Ավագյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։ Շրջանառության հարկ վճարողները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար (122 հազար դոլար)շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են։