Հայաստանը շահագրգռված է դեպի չինական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին,  Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-չինական հարաբերությունները նոր լիցք կստանան:

Հանգամանորեն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը` նախարարը մասնավորապես նշել է, որ մեր երկրի անկախացումից հետո Չինաստանի կառավարությունը տեխնիկակական մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսությանը:

Նախարարը հավելել է, որ հատկապես կոնյակի եւ գինու արտահանման ծավալներն օրըստօրե մեծանում են:

Հանդիպման ընթացքում նախարարը նաեւ առաջարկել է քննարկել Հայաստանում կոոպերատիվների  չինական մոդելի ներդրման հնարավորությունը: 

Դեսպան Տյան Էրլունն իր հերթին նշել է, որ հետաքրքրված է գյուղատնտեսության եւ հատկապես պարենային անվտանգության ոլորտում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպմանը նախարարն առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքատեսակներին, ինչպես նաեւ խթան կհանդիսանա գործարար կապերի աշխուժացման եւ նոր ներդրողների ներգրավման համար:

Որպես երկու երկրների միջեւ ագրարային ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ջերմատների կառուցումը, հակակարկտային ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչպես նաեւ համագործակցության խթանումը գիտական եւ խորհրդատվական ոլորտներում:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին  իր չինացի  գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: