Իշխանական կուսակցությունն ուզում է 5 րոպեում ի չիք դարձնել հարկային օրենսդրության ողջ առաջընթացը: Այս մասին մարտի 3-ին խորհրդարանի արտահերթ նիստում  հայտարարեց Հայաստանի  նախկին վարչապետ, Հայ ազգաին կոնգրես կուսակցության պատգամավոր  Հրանտ Բագրատյանը «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ:

Բագրատյանը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ խորհրդարանի ղեկավարությունը կարեւորագույն օրինագծի քննարկման մասին հայտարարել է նիստից 5 րոպե առաջ:

«Ահա այսպես: Ինձ զանգում են ու ասում՝ եկեք, 5 րոպեից քննարկում է լինելու: Ահա նման վերաբերմունք է ցուցաբերվում կարեւորագույն օրինագծի հանդեպ:

Իսկ հիմա խոսենք ըստ էության: Եթե Հայաստանում տնտեսական դրսեւորումները ընթանան այնպես, ինչպես պետք է, մենք վաղ թե ուշ ընդհանրապես կհրաժարվենք շահութահարկից: Եթե անցում կատարենք եկամտահարկի հռչակագրին: Իսկ դուք կոտրում եք ողջ այս տրամաբանությունը, որին հետեւում են աշխարհի բոլոր զարգացող երկրները»,- հայտարարեց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ օրինագծին առաջարկում է տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող ընկերությունների համար նվազեցնել շահութահարկը 20-ից մինչեւ 2 տոկոս, իսկ տարեկան 40 մլրդ դրամի ծավալով արտահանում ունեցող ընկերությունների համար նվազեցնել մինչեւ 5 տոկոս: