Ուկրաինայի Էներգետիկայի եւ կոմունալ ծառայությունների խնդիրները կարգավորող ազգային հանձնաժողովը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքած Հուշագրի պայմանների իրականացման շրջանակներում ապրիլի 1-ից բարձրացրել է գազի նվազագույն սակագինը 3.3 անգամ՝ դարձնելով 3 600 գրվեն 1000 խ/մետրի դիմաց։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է մարտի 3-ին հանձնաժողովի  նիստում։

Համաձայն հանձնաժողովի որոշման՝ բնակչության համար նվազագույն սակագինը սահմանվում է ջեռուցման սեզոնում՝ հոկտեմբերի 1-ից ապրիլի 30-ը, ամսական մինչեւ 200 խ/մետր վառելիքի առավելագույն սպառման պարագայում։ Սահմանված նվազագույն ծավալը  գերազանցելու դեպքում հաջորդող  ծավալները վճարվում են 1000 խ/մ դիմաց 7 188 գրիվեն հաշվարկով։

Մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած հատվածում բնական գազի 1000 խ/մ արժեքը կկազմի 7 188 գրիվեն՝ անկախ սպառման ծավալից, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

Սննդի պատրաստման համար նախատեսված գազի սակագինը ապրիլի 1-ից կսահմանվի 7 188 գրիվեն, ինչը 6 անգամ գերազանցում է գործող սակագինը։

«Միջինում սակագնի  բարձրացումը բոլոր սպառողների համար կկազմի 280 տոկոս, ինչպես որ որոշված էր 2015թ. փետրվարին ԱՄՀ-ի հետ կնքած հուշագրի պայմաններով»,- հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչը։