Մալայզիական ավիաընկերության անհետացած Boeing-ի որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչեւ մայիս, որից հետո գործողության մասնակիցները կարող են այլ որոշում կայացնել։ Այս մասին հայտարարել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը։ 

«Շատ կարեոր է շարունակել որոնումները, սակայն եթե մինչեւ  մայիս դրանք արդյունք չտան, ստիպված ենք լինելու հետագայում վարվել այնպես, ինչպես խորհուրդ կտան փորձագետները»,- հայտարարել է նախարարը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

Միաժամանակ Լիոու Տիոնգ Լայը վստահ է, որ մեկ տարի առաջ անհետացած Boeing 777-200-ը գտնվում է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, այնտեղ, որտեղ տարվում են որոնումները։ Նախարարի խոսքով՝ որոնումները դադարեցնելը օրակարգի հարց չէ։ 

Հիշեցնենք, որ Boeing 777-200 ինքնաթիռը անհետացել էր 2014թ. մարտի 8-ին։ MH370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին մեկնող ինքնաթիռը օդ բարձրանալուց քիչ անց անհետացել էր ռադարների էկրաններից, եւ նրա հետագա ճակատագրի մասին  մինչեւ օրս ոչինչ հայտնի չէ։