Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
նա նշեց, որ երեխայի վիճակը նորմալ է, վերքերը ապաքինվել են: Փոքրիկը չի կարող քայլել, ամիսներ անց նրանց պետք է պրոթեզավորում արվի:
Նշենք, որ փետրվարի 6-ին 4-ամյա Ելենային վիրահատել էին, հեռացրել ձախ ոտքի թաթը, նրան տեղափոխել են Տրավմատոլոգիայի բաժանմունք։
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն: Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, որն իր ինքնախոստովանական ցուցմունքում ասել է, որ խանդի հողի վրա է արել այդ ամենը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետեւանքով Անահիտ Խ.-ն եւ 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:





























