ԱՄՆ Վերմոնտ նահանգի Անդերհիլ քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ է տարել հանգուցյալը։ Ինչպես գրում է Associated Press-ը, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ իշխանությունները ընտրողներին չէին զգուշացրել թեկնածուներից մեկի մահվան մասին։
55-ամյա Քեւին Տարանտը, որն ավելի քան 20 տարի ծառայել էր ԱՄՆ զինված ուժերում, սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել ընտրությունների նախօրեին։ Համաձայն քաղաքի օրենքների՝ քվեարկության օրն արգելվում է քարոզչություն տանել կամ նույնիսկ քննարկել թեկնածուներին։ Այդ կապակցությամբ Անդերհիլի բնակիչներին տեղյակ չեն պահել այն մասին, որ քաղաքական գործիչը մահացել է, գրում է ՏԱՍՍ-ը։
Այժմ պաշտոնյաները պետք է որոշեն, կամ որեւէ մեկին նշանակել մահացած գործչի պաշտոնում կամ նոր ընտրություններ անցկացնել։





























