Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Երեւանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետին կից հեռաուսուցման լաբորատորիայի` Մարքեթինգի եւ Հասարակայության հետ կապերի ոլորտում վերապատրաստման հատուկ դասընթացի մասնակիցների համար:
Ընկերության ղեկավարը, որպես հրավիրված դասախոս, լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի եւ բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ եւ ներկայացրեց «Ինչպես կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն: Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր 30 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ դասախոսներ, հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Beeline-ի ղեկավարությանն` ի դեմ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, չափազանց հետաքրքիր դասախոսության եւ հեռաուսուցման լաբորատորիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնում Ձեր ունեցած փորձն արժեքավոր եւ արդիական է մեր դասընթացին հաճախող ուսանողների եւ ունկնդիրների համար», - նշեց Երեւանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:
«Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ղեկավար՝ ինձ համար շատ հաճելի է տեսնել զգալի առաջընթաց կրթության մեջ թվային տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում։ Ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են դարձնել մարդկանց կյանքն ավելի լավ եւ ստանալ որակյալ կրթություն, այդ թվում` հեռահար: Շնորհակալ եմ Երեւանի Պետական Համալսարանի ղեկավարությանը հրավերի եւ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ մասնագիտական կրթության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու հնարավորության համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման համակարգն off-line եւ on-line ձեւաչափերով: Դասընթացի ունկնդիրներին բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների եւ այլ ոլորտների մասնագետներ:





























